Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24
Հեռ. (+37410) 77 77 10
Էլ. փոստ info@nbe.am
Կայք. www.nbe.am
Բյուրոյի ներկայացուցիչները մասնակցել են «Դատավարությունում հատուկ գիտելիքների կիրառման արդի հնարավորությունները և հեռանկարները» խորագրով համաժողովին
«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրենի գիտական աշխատանքների գծով տեղակալ, քիմիական գիտությունների դոկտոր Պատվական Ոսկանյանը և Բյուրոյի հոգեբանական փորձաքննությունների բաժնի պետ, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Աղուզումցյանը մայիսի 21-ից 22-ը հեռավար ձևաչափով մասնակցել են «Դատավարությունում հատուկ գիտելիքների կիրառման արդի հնարավորությունները և հեռանկարները» խորագրով միջազգային գիտագործնական համաժողովին:
Համաժողովը կազմակերպվել էր Ռուսաստանի Վ․Մ․ Լեբեդևի անվան արդարադատության պետական համալսարանի դատական փորձաքննությունների և քրեագիտության ամբիոնի կողմից և նվիրված էր ամբիոնի հիմնադրման 10-ամյակին։
Համաժողովի հիմնական նպատակն էր քրեական, քաղաքացիական, արբիտրաժային և վարչական դատավարություններում հատուկ գիտելիքների կիրառման արդիական տեսական ու գործնական հարցերի քննարկումը, առաջատար գիտնականների և պրակտիկ մասնագետների միջև փորձի փոխանակումը, ինչպես նաև փորձագիտական գործունեության կատարելագործմանն ուղղված գործնական քայլերի մշակումը։
Միջազգային համաժողովի օրակարգում ներառված էին դատական փորձաքննության ոլորտի զարգացմանն ուղղված մի շարք առանցքային ու արդիական ուղղություններ, այդ թվում՝
• Դատական փորձաքննության և արդի դատավարությունում հատուկ գիտելիքների կիրառման տեսական ու մեթոդաբանական խնդիրները,
• Արհեստական բանականության, ավտոմատացման համակարգերի ներդրումը և կենսաչափական (բիոմետրիկ) տեխնոլոգիաների կիրառումը դատական փորձաքննության մեջ,
• Կրիպտոարժույթի կիրառմամբ կատարված հանցագործությունների քննության ընթացքում դատական փորձաքննությունների իրականացման առանձնահատկությունները,
• Թվային ապացույցները, դրանց վերլուծության տեխնոլոգիաները, դատավարության թվայնացումն ու փորձագիտական հետազոտությունների նոր տեսակների ձևավորումը,
• Դատատնտեսագիտական, ինչպես նաև ավանդական դասերի և տեսակների (հետքաբանական, բալիստիկ, ձեռագրաբանական, ավտոտեխնիկական և այլն) փորձաքննությունների արդի հնարավորությունները,
• Հոգեբանական և հոգեբուժական գիտելիքների կիրառումը դատական գործընթացում,
• Դատական փորձագետների պատրաստման և որակավորման բարձրացման արդի մարտահրավերները, ինչպես նաև միջազգային համագործակցության ընդլայնումը դատական փորձաքննության ոլորտում։
Համաժողովի պլենար նիստին զեկույցով հանդես եկավ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի հոգեբանական փորձաքննությունների բաժնի պետ, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս Ռուբեն Վազգենի Աղուզումցյանը՝ ներկայացնելով «Դատահոգեբանական բնագավառի փորձագետի գործունեության արդյունավետության ապահովման արդի հիմնախնդիրները» թեմայով զեկույցը:
Իր զեկույցում պրոֆեսոր Ռուբեն Աղուզումցյանն հանգամանալից անդրադարձ է կատարել դատահոգեբանական փորձաքննությունների արդյունավետության բարձրացման և դրա երաշխիքների ապահովման հիմնախնդիրներին:
Բանախոսն առանձնակի կարևորել է փորձագիտական կադրերի պատրաստման և մասնագիտական որակավորման հարցը՝ ընդգծելով, որ ներկայումս բաբարձրագույն ուսումնական հաստատությունների հոգեբանության ֆակուլտետները չեն ապահովում նեղ մասնագիտական՝ դատական հոգեբան-փորձագետների պատրաստում:
Այս համատեքստում նա ներկայացրել է «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում գործող ընթացակարգը, համաձայն որի՝ Բյուրոյում որպես ապագա փորձագետ կարող են հավակնել բացառապես հոգեբանության մագիստրոսի կրթական աստիճան և հոգեբանական գործնական աշխատանքի փորձ ունեցող մասնագետները: Վերջիններս Բյուրոյում անցնում են վեցամսյա մասնագիտացված դասընթաց՝ տեսական և գործնական համապատասխան ուղղություններով, որից հետո հանձնում են որակավորման քննություն: Միայն քննական հանձնաժողովի կողմից թեկնածուի կատարած աշխատանքի դրական գնահատման և համապատասխան որակավորում ստանալու դեպքում է մասնագետին իրավունք տրվում իրականացնել դատահոգեբանական փորձաքննություններ:
Զեկույցում հաջորդ կարևոր շեշտադրումը վերաբերում էր հոգեբանական փորձաքննությունների իրականացման մեթոդաբանությանը:
«Քանի որ դատահոգեբանական փորձաքննության օբյեկտը մարդն է՝ իր բարդ ու բազմաշերտ հոգեկան աշխարհով, հետազոտության հավաստիությունն ապահովելու նպատակով Բյուրոյում կիրառվում է համալիր մոտեցում: Փորձաքննությանը մասնակցում են մի քանի փորձագետներ, ովքեր միաժամանակ կիրառում են տարբեր հոգեբանական մեթոդներ՝ ապահովելով դրանց փոխլրացումը: Մասնավորապես՝ հոգեբանական թեստավորմանը զուգահեռ իրականացվում է նպատակաուղղված դիտում (ֆիքսվում է հետազոտվող անձի ռեակցիան այս կամ այն հարցին), որին հաջորդում է փորձագիտական զրույցը: Այս ամենը թույլ է տալիս խնդրին նայել տարբեր դիտանկյուններից և ստանալ անձի հոգեկան վիճակի ամբողջական ու օբյեկտիվ պատկերը»,-իր զեկույցում նշեց Աղուզումցյանը:
Պրոֆեսորի խոսքով՝ դատահոգեբանական փորձաքննության արդյունքների հիմնավորվածության և օբյեկտիվության բարձրացման նպատակով Բյուրոյի հոգեբանական փորձաքննությունների բաժնում ներդրված է նաև կոլեգիալ քննարկման փուլը: Այն դեպքում, երբ հիմնական փորձագետը (պատասխանատուն) կազմում է փորձագետի եզրակացության նախագիծը, բաժնի բոլոր աշխատակիցները մասնակցում են դրա քննարկմանը:
«Կլոր սեղանի» և «մտագրոհի» ձևաչափով անցկացվող այս քննարկումների միջոցով բաժնի փորձագետները ներգրավվում են փորձագիտական հետազոտության արդյունքների վերջնական գնահատման գործընթացին՝ բացառելով հնարավոր սուբյեկտիվիզմը:
Փորձաքննությունների ազգային բյուրոն կարևորում է մասնակցությունը նմանօրինակ միջազգային գիտական միջոցառումներին, ինչը նպաստում է դատական փորձաքննությունների բնագավառում ժամանակակից միտումների, նորագույն տեխնոլոգիաների ու մեթոդիկաների ներդրմանը, ինչպես նաև միջազգային գործընկերային կապերի շարունակական ամրապնդմանը:
22 May 2026






.jpg)